Իրանում միջին հեռահարության հրթիռի փորձարկումից ու Սպիտակ տան նախազգուշացումից մի քանի օր անց ընդամենը ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանեց, որ վերաբերում են Իրանի միջուկային ծրագիրը սպասարկող, մատակարարող և այն կազմակերպություններին, որ օգնում են զինել նրանց, որոնց Վաշինգտոնը համարում է ահաբեկչական խմբավորում այդ տարածաշրջանում: Դժվար է ասել՝ տնտեսական ի՞նչ ազդեցություն կունենան այդ պատժամիջոցները, այդ կազմակերպություններից կամ անձանցից շատ քչերն ԱՄՆ-ի հետ բիզնես ունեն: Այնուհանդերձ, պատժամիջոցները հստակ ազդանշան են Թեհրանին՝ Վաշինգտոն է եկել նոր իշխանություն: Օբամայի վարչակազմը Իրանի հետ իր հարաբերություններն ընկալում էր հիմնականում Իրանի միջուկային ծրագիրը զսպելու բանակցությունների անհրաժեշտության պրիզմայով:
Իրանի տարածաշրջանային ակտիվության՝ ՀԱՄԱՍ-ին ու Հըզբոլլահին աջակցության, Սիրիայում Ասադի վարչակարգին ռազմական աջակցության, Եմենում հուսիտներին աջակցության, Իրաքում աճող ազդեցության վրա աչք էր փակվում՝ միջուկային ծրագիրը փակելու պայմանավորվածության համար: Օբամայի ու նրա թիմի համար ռազմավարական նպատակը Իրանի միջուկային հավակնությունների զսպումն էր: Դա նույնիսկ ինչ-որ իմաստով ընկալվում էր նպատակ, որ կարող էր ոչ միայն կանխել ռազմական գործողությունները, այլև ժամանակի մեջ հանել Իրանը տնտեսական մեկուսացումից Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Միջուկային գործարքի վերաբերյալ տարաձայնությունները շատ էին: ԱՄՆ-ը և նրա հիմնական դաշնակիցները Արևմուտքում, ինչպես Ռուսաստանը, համարում էին, որ միջուկային համաձայնագիրը խնդիրը երկար ժամանակով հանում է օրակարգից և թույլ է տալիս խուսափել առճակատումից Թեհրանի հետ միջուկային ծրագրի պատճառով: Սակայն տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները՝ Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի այլ երկրներ, որ տագնապով էին դիտում Իրանի թռիչքը, գործարքը նվազ եռանդով ընդունեցին և շատերը լիովին կարող էին հույս ունենալ, որ Թրամփի վարչակարգը, որի կազմում են Թեհրանի վարչակարգի բավականաչափ խիստ ընդդիմախոսներ, կարող է համաձայնագիրը բեկանելու ցանկություն ունենալ: Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ: Անցած շաբաթ անվտանգության հարցերով միջազգային մեծ համաժողովում, որ ամեն տարի անցկացնում է Իսրայելը, շատ փորձագետներ ու պաշտոնատարներ ասում էին, որ վատ գործարքը, եթե պահպանվեն կանոնները, կարող է ավելի լավ լինել ոչինչ չլինելուց: Իսրայելին անհանգստացնում է, որ Իրանը տարածաշրջանում խոշոր խաղացող է դառնում: Սիրիայում Ասադի վարչակարգին աջակցությունը, իր դաշնակիցների՝ Հըզբոլլահի ու տարատեսակ շիական ռազմական խմբերի տեղակայումը, Թեհրանին նվազագույնը հնարավորություն է տվել իր համախոհներին ներմուծել Իսրայելին սահմանակից Լիբանան ու Սիրիա՝ Միջերկրականի ծովեզերքով մինչև Հորդանան: Հորդանանը, ինչպես Պարսից ծոցի մի քանի այլ պետություններ, տագնապած են, որով բացատրվում է նրանց ռազմավարական մերձեցումը Իսրայելի հետ:
Իրավիճակի հեգնական կողմը՝ խոշոր հաշվով, հենց ԱՄՆ-ի ռազմական հզորությունն օգնեց Իրանին դառնալ տարածաշրջանային մեծ տերություն: Իրաքում գահընկեց անելով Իրանի երդվյալ թշնամի Սադամ Հուսեյնին ու Իրաքը դարձնելով ռազմական առումով երկրորդական խաղացող, որ բազում ներքին խնդիրներ ունի, Վաշինգտոնը բացեց Իրանի առաջ դռները տարածաշրջանում: Ավելին՝ աջակցելով Իրաքի իշխանություններին ԻՊ-ի դեմ պայքարում, ԱՄՆ-ը, ըստ էության, միավորեց ջանքերը Թեհրանի հետ՝ մի քանի իրանամետ շիական զինված խմբավորումներ կռվում են այնտեղ նույն նպատակով: Օբամայի վարչակարգի անկարողությունը՝ աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բռնի տապալմանը, սուննիների ջոկատներին զինելու ու նախապատրաստելու անկապ, կիսատ ջանքերը նույնպես օգնեցին ձևավորվող շիական առանցքի կայացմանը: Թրամփի աշխատակազմը ծառայության անցավ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը լրջորեն փոխելու ցանկությամբ, և ներկա պատժամիջոցները միայն առաջին քայլն են: Հայտարարությունը, որ Իրանը հիմա «զգուշացված է», ինչպես նշեց ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլինը, գուցե լավ է հնչում, բայց չի տեղավորվում իմաստավորված քաղաքականության մեջ:
ՈՒ ի՞նչ: Ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու Թրամփի թիմը: Պատրա՞ստ է աջակցել, թեկուզ չցանկանալով, միջուկային համաձայնություններին, միաժամանակ խիստ հետևելով Իրանի իշխանությունների քայլերին: Որքա՞ն լայն միջազգային աջակցություն կարող է ԱՄՆ-ը ստանալ առավել կոշտ քայլերի համար՝ հակազդելու իրանական հրթիռային ծրագրին, որ, ինչպես հաստատում է Թեհրանը, ինքն իրավունք ունի զարգացնել: Ձևականորեն ԱՄՆ-ը, գուցե, ճիշտ է: ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը Իրանին կոչ է անում գործողություններ չձեռնարկել բալիստիկ հրթիռների զարգացման ուղղությամբ, որ կարող են միջուկային մարտագլխիկներ կրել: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ճեպազրույցում անցյալ շաբաթ նշվեց, որ օգտակար բեռի 500 կիլոգրամից ոչ պակաս կշիռ 300 կիլոմետր շրջագծով փոխադրող բալիստիկ հրթիռները սկզբունքորեն կարող են միջուկային մարտագլխիկ փոխադրել: «Կասկածներ չպետք է լինեն, որ ԱՄՆ-ը հակված է Իրանին պատասխանատվության բերել միջուկային ծրագրով սահմանափակումները կատարելու և պատասխան տալու տարածաշրջանում վարքագծի համար, որ մենք համարում ենք ապակայունացնող»՝ նշված է օպերատիվ հաշվետվության մեջ: Բայց կոնկրետ ի՞նչ նկատի ունի Թրամփի վարչակարգը «Իրանին պատասխանատվության բերել» ասելով: Խոսքը երկու երկրների մասին է, որոնց ռազմանավերը Պարսից ծոցում ամեն օր լողում են՝ միմյանց բավականաչափ մոտ: Լարվածությունը կարող է լուրջ առճակատման վերածվել: ՈՒզո՞ւմ է Վաշինգտոնը բախվել Թեհրանի հետ: Ներկա հռետորաբանությունը կարող է ենթադրել՝ այո, բայց ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, կորոշեն նախագահ Թրամփի քայլերը և, բնականաբար, Թեհրանի պատասխանը:
Հ.Գ. ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին Սենատում հաստատումից հետո շնորհավորելով` նախագահ Դոնալդ Թրամփը ասաց. «Ամբողջ կյանքում դու պատրաստվել ես այս օրվան: Գնա ու աշխատիր»: Մի՞թե միլիարդատեր նախագահն ու միլիոնատեր պետքարտուղարը ամբողջ կյանքում պատրաստվել էին Պարսից ծոցում պատերազմ հրահրելուն: Թրամփը նաև ասաց՝ ժամանակն է արտաքին քաղաքականությամբ զբաղվելու: ՈՒ ստորագրեց ներգաղթը յոթ մուսուլմանական երկրներից արգելող հայտնի հրամանագիրը: Ճիշտ է՝ երեք ամսով: Ո՞րը կլինի նրա հաջորդ սկանդալը: Ինչպե՞ս է Վաշինգտոնը տարբերակելու ԻՊ-ի դեմ պայքարող Թեհրանին, միջուկային զենքի համաձայնագիրը, իր գնահատականով, խախտող Թեհրանից, երբ ահաբեկչության դեմ պայքարը համարում է գերակա խնդիր:
Ինչպե՞ս է Դոնալդ Թրամփը մեծ դարձնելու ԱՄՆ-ը՝ պատերազմո՞վ, թե՞ խաղաղության հաստատումով: BBC-ին այս հարցերին չի պատասխանի՝ Մեծ Բրիտանիային գուցե նաև ձեռնտու լինի մի թեթև պատերազմը Պարսից ծոցում, բայց ոչ ավելին: Տարածաշրջանում մեծ պատերազմը ոչ ոք մենակ չի կարող ավարտել: Թրամփը՝ ևս: Թիլերսոնի հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ